Այս կինոնկարը վերածնել է ծովահենների մասին ֆիլմերի հանդեպ սերը, որն, ինչպես թվում էր, մարել էր դեռ հեռավոր 1970-ականներում։ Ոչ ոք՝ ո՛չ ԶԼՄ-ները, ո՛չ քննադատները, ո՛չ էլ անգամ ստեղծողները չէին ակնկալում, որ ֆիլմը ոչ միայն կոմերցիոն հաջողություն կունենա, այլև համաշխարհային ճանաչման կարժանանա՝ դառնալով կինոարվեստի առանձին մի նշաձող։
Հենց այս ֆիլմում է առաջին անգամ հայտվնում անհավանական ու ամենաարտասովոր ծովահենը՝ կապիտան Ջեք Ճնճղուկը։ Ջոնի Դեփի խաղը համաշխարհային ճանաչում է ստացել։ Իր կերպարի վրա աշխատելիս դերասանը որոշել էր նրան պատկերել ոչ թե որպես դասական ծովահենի, այլ ինչպես ռոք աստղի։ Այդ գաղափարն այնքան հաջողված էր, որ կապիտան Ճնճղուկի կերպարն այժմ ծանոթ է բոլորին, անգամ նրանց, ովքեր ֆրանշիզայի ոչ մի ֆիլմ չեն դիտել։ Այս աշխատանքի համար Դեփն արժանացել է կինոդերասանների գիլդիայի մրցանակի, ինչպես նաև առաջադրվել է «Օսկար», BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների։