Բրիտանացի֊իռլանդացի ռեժիսոր ու թատերագիր Մարտին ՄաքԴոնայի՝ 15 տարի առաջ լույս տեսած սև տրագիկոմեդիան արդեն իրավացիորեն կարելի է կուլտային համարել։ Հենց դրանով սկսվեց հիանալի բեմադրիչի ստեղծագործական ուղին, որի յուրաքանչյուր նոր քայլը մեզ գլուխգործոցներ է նվիրել։
Առաջին հայացքից պարզ սյուժեով այս ֆիլմը լի է մի շարք խորհրդանիշերով, որոնք պատմությունը վերածում են կյանքի մռայլ, բարդ ու հակասական ալեգորիայի։
2008 թվականին այս կինոնկարի համար Մարտին ՄաքԴոնան ստացել է BAFTA մրցանակի ու առաջադրվել «Օսկարի»՝ լավագույն օրիգինալ սցենարի անվանակարգում։ Ընդհանուր առմամբ ֆիլմն ունի 24 մրցանակ ու 55 նոմինացիա տարբեր միջազգային կինոփառատոններից։
Փայլուն դերասանական խաղի համար և՛ Քոլին Ֆարելը, և՛ Բրենդան Գլիսոնն առաջադրվել են «Ոսկե գլոբուսի»։ Նրանց կատարումը՝ վարպետորեն գրված երկխոսությունների, գիշերվա նման սև հումորի ու մարդու բնույթի մասին փիլիսոփայական մտորումների հետ միասին ուժեղ ազդեցություն է թողնում։