«Խավարի ասպետը» լույս է տեսել 15 տարի առաջ, և նրա ազդեցությունը զգացվում է մինչ օրս։ Քրիստոֆեր Նոլանը ցույց է տվել, որ սուպերհերոսների մասին կինոն կարող է խոսել բարդ թեմաների մասին, ինչպիսիք են քաղաքականությունը, հասարակությունն ու պատմությունը։ «Խավարի ասպետը» ֆիլմով Նոլանն ամրապնդեց հանճարի իր կոչումը։ Դա այդ ժամանակ նրա ամենամասշտաբային նախագիծն էր։ Նա ստեղծեց միաժամանակ և՛ մասսայական, և՛ հեղինակային ֆիլմ, ինչով էլ գրավեց կինոյի բոլոր սիրահարներին։
Նոլանի այս կինոնկարը մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցնում ոչ միայն սուպերհերոսային ֆիլմերի, այլև կինոարվեստի պատմության լավագույն ֆիլմերի թոփ ցուցակներում։ Երկու «Օսկար», մի քանի տասնյակ այլ մրցանակներ, ընդգրկում ֆիլմերի ազգային ռեգիստրում, բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմերի տասնյակում և Սթիվեն Շնայդերի «1001 ֆիլմ, որոնք պետք է դիտել մինչև մեռնելը» ցուցակում։ Կինոյի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը պրեմիերայից անմիջապես հետո ամենաբարձր տեղն է զբաղեցրել IMDb֊ի Top-250֊ում՝ ֆիլմերի ամենախոշոր համացանցային բազայի ռեյթինգում։
«Խավարի ասպետն» աշխարհին նվիրել է 21֊րդ դարի ամենաարտակարգ դերասանական աշխատանքներից մեկը՝ Հիթ Լեջերի վերջին դերը, որի համար նա հետմահու արժանացել է 32 մրցանակի, որոնց թվում «գլխավոր հնգյակն» է՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», Բրիտանական ակադեմիայի և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակներ և «Քննադատների ընտրություն»։